Մատչելիության հղումներ

Հայկական կողմի զոհերի թիվը հասավ 201-ի


Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակեց զոհված ևս 51 զինծառայողների անունները։ Նրանցից 3-ը կամավորականներ են։ Պատերազմի 7-րդ օրը, ըստ պաշտոնական աղբյուրների, հայկական կողմն ունի 201 զոհ։

Այսօր վաղ առավոտից Արցախի պաշտպանական բանակը տեղեկացնում էր առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթացող թեժ մարտերի մասին, ընդգծելով, որ հակառակորդը ռազմաճակատ է նետել նոր ուժեր և անցել է հարձակման: Ավելի ուշ արդեն հաղորդվեց, որ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել Ադրբեջանի այսօր ձեռնարկած լայնածավալ հարձակումը, ուղղություններից մեկով հայկական ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում շարունակվել են պաշտպանական ծանր մարտերը։

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ ավելի ուշ տեղեկացրեց, որ Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է Ադրբեջանի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Արդյունքում, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:

Վաղ առավոտյան հայտնի դարձավ նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնել է առաջնագիծ: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «առաջնագծում ավելի արժեքավոր կլինի, քան՝ թիկունքում»:

Մինչև առաջնագիծ մեկնելը նա հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ, ընդգծելով, որ այսօր վճռվում է հայ ազգի ապագան։

«Մենք պետք է գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ հայ ազգի ապագան: Մենք հաղթելու ենք, մենք ավելի ծանր ժամանակահատված ենք ապրել 92 թվականին, երբ կորցրել էինք Արցախի տարածքի մեծ մասը, երբ հակառակորդը գտնվում էր արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունիի, Կարմիր շուկայի, Գանձասարի մատույցներում: Մեզ հաջողվել է այն ժամանակ, հաջողվելու է նաև այսօր», - ասաց Հարությունյանը:

Ողջ հայությանը կոչով դիմեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հորդորելով համախմբվել և աջակցել Արցախին և հայկական բանակին։

«Այսօր, իրոք, թեժ և դաժան պատերազմ է գնում, գոյապայքարի կռիվ է: Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել: Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու, պաշտպանվելու, և այսօր մենք ստիպված ենք մեր մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության», - նշել է արքեպիսկոպոսը:

Այսօր հայտարարությամբ հանդես եկավ նաև Արցախի արտգործնախարարությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը։ «Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է», - ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, անդրադառնալով Արցախի ճանաչման հարցին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, ասել է. «Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնեն մի շարք գործոններ հաշվի առնելով»։

Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարությունը, ընդգծելով, որ «արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG