Մատչելիության հղումներ

Անկարան առաջարկում է ԼՂ հակամարտության հարցով բանակցություններ՝ Մինսկի խմբի 11 անդամների մասնակցությամբ


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ

Պաշտոնական Անկարան առաջարկում է ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններ՝ Մինսկի խմբի 11 անդամների մասնակցությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Քանի որ հաջորդը Շվեդիան է ստանձնելու ԵԱՀԿ նախագահությունը, ես այդ առաջարկը ներկայացրեցի իմ շվեդ գործընկերոջը», - այսօր ասել է Չավուշօղլուն։

1994 թվականին Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվելուց հետո կազմավորված Մինսկի խմբում Թուրքիան տասնմեկ անդամներից մեկն է՝ մյուսը տասը անդամներն են՝ Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն ունեն նախագահողի կարգավիճակ։

Խումբը ստեղծվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում, որը դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի մեկնարկից ի վեր հակամարտության կարգավորման նկատմամբ մեծ հետաքրքրություն էր դրսևորում և փորձում քայլեր ձեռնարկել կառույցի երկու նոր անդամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու ուղղությամբ:

Ինը երկրները, որոնք այժմ անդամակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, այն պետություններն են, որոնք համաձայնել են մասնակցել Ղարաբաղի հարցի շուրջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախատեսված համաժողովին, որին, ի դեպ, հրավիրված էր նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը: Համաժողովը չի կայացել, բայց հանդիպումներն այդ նպատակով շարունակվել են, որոնց արդյունքում ձևավորվել է Մինսկի խումբը։

Ի սկզբանե, սակայն, Հայաստանը դեմ էր այդ խմբում Թուրքիայի ներկայությանը, Ադրբեջանը՝ կողմ: Իր հերթին Բաքուն դեմ էր Ֆրանսիայի և Իտալիայի անդամակցությանը, երկար քննարկումներից հետո, ի վերջո, խումբը ներկայիս կազմով ձևավորվեց: Տասնամյակներ շարունակ գերտերությունները, ինչպես նաև միջազգային կառույցները պնդում են՝ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը:

Քսանվեց տարի անց Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին այդ պատերազմում Թուրքիայի աջակցությունը վայելող Բաքուն, ինչպես նաև Անկարան պահանջում են փոխել Մինսկի խմբի ձևաչափը և բանակցություններին մասնակից դարձնել Թուրքիային:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ` «հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերը պետք է ամրապնդվի, թե ինչ ձևով՝ իրավական կամ դե ֆակտո, սա արդեն տեխնիկական հարց է»:

Մեկ այլ հարցազրույցում էլ նա նշել էր՝ եթե անգամ արևմտյան շատ երկրներ չեն ցանկանում ընդունել այդ փաստը, միևնույն է, Թուրքիան լուրջ ասելիք ունի, և այն լիովին անկախ է։

Այս հայտարարությունից առաջ՝ Մոսկվայում անցած շաբաթ Ադրբեջանը միևնույն ժամանակ համաձայնել և համատեղ հայտարարությամբ էլ հավաստել է, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ, և սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Թուրքիայի՝ բանակցային գործընթացին մասնակցելու հարցին նախօրեին անդրադարձել էր նաև Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով՝ ձևաչափի վերաբերյալ մոտեցումներն արտահայտված են հոկտեմբերի 10–ի համատեղ հայտարարության մեջ

«Ընդգծեմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մեր գիշերային աշխատանքի արդյունքում», - նախօրեին հիշեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG