Մատչելիության հղումներ

Բաքվին չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին, անգամ Թուրքիայի աջակցությամբ, պնդում է Stratfor-ի ռազմական փորձագետը


«Ադրբեջանական բանակը վաղուց էր նախապատրաստվել այս հարձակմանը, սակայն ակնհայտ է, որ Բաքվին չի հաջողվել հասնել իր առջև դրված ռազմական նպատակներին, անգամ Թուրքիայի աջակցությամբ», - պնդում է ամերիկյան հեղինակավոր Stratfor -ի ռազմական փորձագետ Սիմ Թեքը։ Ավելի քան 25 տարի գործող հետախուզա-վերլուծական կենտրոնը իր վերջին հաղորդումներից մեկը նվիրել է Արցախում սեպտեմբերից շարունակվող ռազմական գործողություններին «Ով կհաղթի Լեռնային Ղարաբաղում» վերնագրի տակ։

«Ադրբեջանը պատրաստվում էր այս հարձակմանը։ Արբանյակային լուսանկարներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը սեպտեմբերին և նույնիսկ դրանից առաջ՝ օգոստոսին, նախապատրաստում էր իր առաջնագիծը, նոր խրամատներ էր փորում կամ թարմացնում հները, ծանր զրահատեխնիկա տեղափոխում ռազմաճակատ»,- ասել է ռազմագետը։

«Հրադադարի խախտումներն ու կարճատև բախումները պարբերական բնույթ են կրել այս հակամարտության գոտում, սակայն զորքերի ու զինտեխնիկայի ներկայիս տեղաշարժն աննախադեպ է․ նման ինտենսիվություն չի եղել անգամ 2016-ի սրացման ժամանակ»,- ասել է Stratfor-ի վերլուծաբանը` ընդգծելով՝ 1994-ից ի վեր ամենալայնատարած ու արյունալի այս պատերազմի մեկնարկին նպաստել է նախ և առաջ Անկարայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին։

«Թուրքիան հստակ նկրտումներ ունի այս տարածաշրջանում, որտեղ մրցակցում է Ռուսաստանի հետ՝ ազդեցության ոլորտները կիսելու համար։ Եվ Թուրքիան իր այդ քաղաքականության մեջ առաջին հերթին դաշնակցին՝ Ադրբեջանին է օգտագործում։ Տպավորություն է, ասես, այս քայլերով Անկարան փորձում է մարտահրավեր նետել և խախտել Ռուսաստանի կողմից հաստատված ստատուս քվոն Հարավային Կովկասում»։

Հետևելով արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմին՝ Stratfor-ի ռազմական փորձագետը փաստում է՝ չնայած ադրբեջանական բանակի նախապատրաստություններին ու Թուրքիայի աջակցությանը, Բաքվին չի հաջողվել էական արդյունքների հասնել ռազմադաշտում. - «Մեծ հաշվով, կողմերի վերահսկողության տակ գտնվող տարածքների էական փոփոխություն չենք տեսնում։ Երբ նայում ենք՝ որտեղ էր շփման գիծը այս պատերազմից առաջ՝ տասնամյակներ շարունակ, տեսնում ենք, որ Ադրբեջանը միայն հաջողել է իր վերահսկողության տակ առնել զուտ գյուղերից մի քանիսը առավել ցածրադիր տեղանքներում։ Իրողությունն այն է, որ այս տարածքը շատ լեռնային է, և ռազմական գործողությունների հնարավորությունները սահմանափակ են։ Հենց որ փորձում ես առաջխաղացում արձանագրել դեպի այդ լեռներ, շատ արագ բախվում ես խնդիրների՝ հետևակդ չի կարող ազատորեն շարժվել այդ տարածքում, մինչդեռ հակառակորդ կարող է շատ ավելի ամուր դիրքեր ունենալ։ Այնպես որ, կարող ենք փաստել, որ Ադրբեջանին հաջողվել է ինչ-որ առավելության հասնել, բայց շատ սահմանափակ»։

Աշխարհագրական անբարենպաստ պայմաններից բացի, ըստ փորձագետի, ադրբեջանական բանակին առաջիկայում ևս մեկ մարտահրավեր է սպասում՝ եղանակը։ «Մոտալուտ ձմեռը էլ՛ ավելի կսահմանափակի ռազմական գործողությունների իրականացման հնարավորութունը»,- ասում է Սիմ Թեքը, արձանագրելով՝ դեռ հարց է՝ արդյոք պատերազմը կշարունակվի այդքան ժամանակ։

«Որքան Ադրբեջանը մոտենում է լեռնային շրջաններին, այնքան ավելի ու ավելի է դժվարանում առաջխաղացումը։ Չհաջողելով նոր տարածքներ գրավել՝ Բաքուն փորձելու է իր ներկայիս հաջողությունները վերածել իրական զիջումների բանակցային գործընթացում»,- ասել է նա։

Stratfor-ի փորձագետը փաստում է, որ բանակցություններն արդեն իսկ սկսվել են՝ հիշատակելով Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ «Հստակ է՝ հակամարտությունը հասել է մի կետի, երբ անհրաժեշտ են կարգավորման նոր մոտեցումներ, նոր համաձայնություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Սիմ Թեքը, ով զբաղվում է աշխարհաքաղաքական զարգացումների և հակամարտությունների մասին տեղեկությունների հավաքագրմամբ ու վերլուծությամբ։

XS
SM
MD
LG