Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն համաձայնել են դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները


Ղարաբաղյան հակամարտության կողմերն այսօր պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։ Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հրադադարի տապալված երեք փորձերից հետո ղարաբաղյան միջնորդների հայտարարությունում նոր հրադադարի պայմանավորվածության մասին խոսք չկա։

Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան ներկայացնող միջնորդները կրկին կողմերին կոչ են արել իրագործել իրենց ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ համաձայն Մոսկվայում հոկտեմբերի 10-ի իրենց համատեղ հայտարարության, որը վերահաստատել են Փարիզի հետ հոկտեմբերի 17-ին և Վաշինգոտոնում հոկտեմբերի 26-ին։

Հրադադարի կամ այլ պարտավորությունների իրականացմանը զուգահեռ ու առանց դրանց վնասելու կողմերը պայմանավորվել են անհապաղ ձեռնարկել մի շարք քայլեր, այդ թվում.

• Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն դիտավորությամբ չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները։

• Ակտիվորեն մասնակցել ռազմի դաշտում աճյունների նախապատրաստման եւ փոխանակման իրականացմանը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ։

• Մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր Խաչին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրել ռազմագերիների ցուցակը՝ հասանելիության ապահովման եւ հետագա փոխանակման նպատակներով։

• Հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան գրավոր ներկայացնել հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմների հետ կապված դիտարկումներ և հարցեր։

Հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության 2-րդ կետում նշված էր, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն։

Ժնևում մոտ 7 ժամ տևած բանակցություններից հետո տարածած հայտարարությունում ղարաբաղյան միջնորդները նաև նշում են, որ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են ունեցել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը։

Մոսկովյան հայտարարության 3-րդ կետում նշված էր, որ Հայաստանը և Ադրբեջանը սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնարար սկզբունքների հիման վրա` խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր նախքան համատեղ հանդիպումն առանձին-առանձին հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Արտգործախարարները նաև խորհրդակցություններ են անցկացրել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ։

XS
SM
MD
LG