Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պարբերաբար ոտնահարում է բոլոր տեսակի միջազգային պարտավորությունները․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ


ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

Հրադադարի հաստատումից հետո, նոյեմբերի 11-ին Երևան-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել են առնվազն 10 քաղաքացիներ, խաղաղ բնակիչներ, որ պարզապես տարբեր գործերով մեկնում էին Արցախ։ Նրանց մեջ էր Ժաննա Ղազարյանի ամուսինը։

«Մեր սեփական մեքենայով Արցախի Հանրապետության բնակիչներին տանում էր Մարտունուն Գիշի գյուղ, իրանց հարազատ տուն։ Երբ որ հայտարարվել էր հրադադար, կարող էին բնակիչները վերադառնալ տուն, Դավիթին խնդրեցին, որ տանի իրենց տուն», - պատմեց Ժաննան։

Գիշի գյուղի բնակիչները տարեց ամուսիններ 75 ամյա Էլզա Սարգսյանն ու 85-ամյա Բենիկ Ավթանդիլյանն են։ Նրանց թոռը պատմեց, որ տատիկն ու պապիկը որոշել էին պատերազմից հետո հետ վերադառնալ Գիշի․ - «Որ իմացել էին կռիվը պրծել ա, էկել են․․․ տաքսիով էկել են, ընկել գերի էդ ճամփին»։

Նրանց Արցախ փոխադրող վարորդը հենց ժաննա Ղազարյանի ամուսինն է ՝ Դավիթ Իսահակյանը։ Կինն ասաց, որ ամուսինն անհետացել է նոյեմբերի 11-ին, կեսօրից հետո․ - «Ժամը 14-ն անց 01, Բիլայնի տված ինֆորմացիայով։ Դրանից հետո առայսօր ոչ մի զանգ չունեմ։ Իր մոտ գտնված երեք տարբեր համարներն էլ անհասանելի են»։

Որ նա գերեվարվել է, տեղեկացել են երկու օր առաջ ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում տեղադրած տեսանյութից, որտեղ մի խումբ հայ գերիներ ավտոմեքենայով տեղափոխվում են։ Այստեղ հենց առաջին պլանում Դավիթ Իսահակյանն է՝ պատռված հագուստով․ - «Դա իրա հագուստը չի, փոխած է․․․»

Տեսանյութում այլ գերեվարվածներ էլ կան, նրանք նաև նվաստացման են ենթարկվում։ Կադրերում չեն երևում տարեց ամուսինները։ Նրանց մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկա։

Բայց այլ քաղաքացիներ այս տեսանյութում ճանաչել են իրենց հարազատներին։ Սևակ Աբրահամյանը ճանաչել է հորեղբոր երեք թոռներին, որոնք գնում էին քրոջ իրերը Բերդաձորից բերելու․ - «Ժամը 11-ն անց կես, 12-ի կողմերը իրանք կորել են էդ հատվածում, Բերդաձորից դեպի Շուշի, էդ հատվածում են կորել։ Մենք էլ ենք գնացել ման էկել։ Խաղաղապահները ասում են, որ հնարավոր չի իրանց անցնելը դեպի Շուշիի կողմ, բայց փաստորեն անցել են»։

Բոլոր քաղաքացիները գերի են ընկել Գորիս - Շուշի հատվածում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ նաև մի խումբ տղաներ էին եկել, որոնք պատմեցին, որ տեսանյութում ճանաչել են իրենց երկու ընկերներին․ - «Ամսի 11-ին ժամը 3-ն անց 17 րոպե ա վերջին խոսակցությունը եղել։ Դրանից հետո զանգել ենք, ռուսներ են պատասխանել, ասել են՝ ձուկ ենք բռնում, հեռախոսն ենք գտել, հարգելիս։ Ուրիշ ոչ մի բան»։

Գերեվարվել են նաև «Նոր Հայաստան․ Հայրենիք-Սփյուռք» բարեգործական կազմակերպության նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթը։ Սուջյանը պատերազմի ժամանակ օգնություն էր տեղափոխում Արցախ, հետո էլ որոշել էին վիճակին տեղում ծանոթանալ ու գերի ընկել Բերձոր - Շուշի հատվածում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկաայցուցիչ Եղիշե Կիրակոսյանն արդեն Ստրասբուրգի դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջում է քայլեր ձեռնարկել ապահովելու 10 քաղաքացիների կյանքի իրավունքը, զերծ մնալ նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքից։

«Ոչ միայն կոնկրետ էդ անձանց անվտանգությունը երաշխավորելու և կյանքի իրավունքը ապահովելու պահանջ ներկայացնել Ադրբեջանին, նաև ընդգծելու, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար ոտնահարվում են բոլոր տեսակի միջազգային պարտավորությունները», - ասաց Կիրակոսյանը։

Գերիների հարազատները դիմել են նաև Կարմիր խաչին։

«Մենք Կարմիր խաչում դիմումը գրեցինք, ներկայացրեցինք համապատասխան մասնագետի։ Նրանք վերցրեցին, ասեցին, որ էս էրկու օրվա մեջ կփորձեն կապ հաստատել ադրբեջանցի իրենց գործընկերների հետ», - փոխանցեց Արմինե Աբրահամյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Զառա Ամատունին տեղեկացրեց, որ կողմերի հետ արդեն աշխատում են, և այդ աշխատանքը հրապարակայնացման ենթակա չէ․ - «Մենք կապի մեջ ենք և՛ իշխանությունների հետ տվյալ հարցով, և՛ ընտանիքների»։

Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած և այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը շեշտում է, որ խաղաղ քաղաքացիների գերեվարումը պատերազմի դադարեցման համաձայնությունից մեկ օր անց, նշանակում է , որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը չի պահպանել․ - «Տեղեկությունները ունենք, հաստատված են։ Օֆիցիալ Պաշտպանության նախարարությունը դիմել է Կարմիր խաչին և համապատասխան միջազգային կառույցներին, որովհետև իրենց նկատմամբ գործողությունները ոչ իրավաչափ են և հակասում են բոլոր միջազգային նորմերին»։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա հստակ թիվ առայժմ չկա։ Հայկական կողմը 24 ռազմագերիների մասին դիմումներ է ուղարկել Եվրադատարան։ Բայց թե քանի հայ ռազմագերի կա Ադրբեջանում, այդ երկիրը չի հրապարակում։

XS
SM
MD
LG