Մատչելիության հղումներ

Վարչապետը պետք է բանակցեր և երկիրը զերծ պահեր պատերազմից, պնդում է քաղաքագետը


2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ այս նոր պահանջների կոնտեքստում կրկին պատերազմի հավանականության մեծացումն էր:

2018-ին հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօր ծավալուն ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է պարզաբանել 44 օր տևած պատերազմի պատճառներն ու ելքը։ «Բնականաբար, խիստ իմաստավորված է ետ գնալ և պատասխանել հարցին՝ ինչը՞ պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ»,- գրել է Փաշինյանն ու հիշեցրել իր իշխանությունից առաջ՝ 2011-ին տեղի ունեցածը։

Փաշինյանի խոսքով` Սերժ Սարգսյանի իշխանության օրոք՝ 2011-ին, արձանագրվել է, որ Կազանում Հայաստանը պատրաստ էր եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել:

«Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ, որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն», - գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ռազմական սրացումների գնում էր 2013 թվականից սկսած, և արդեն 2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասել էր գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը:

Փաշինյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանն իր այս պահանջները ձևակերպել է անկախ նրանից, թե բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրել ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ այդ պահանջների կատարումը դարձել է համանախագահների առաջնահերթությունը, որովհետև այլընտրանքը եղել է պատերազմը։

Դառնալով 2018-ին իշխանության գալուց հետո իր արածին կամ չարածին՝ Փաշինյանը գրում է. «Այլընտրանքն այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր, ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց։ Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան», ու էլի պատերազմ պիտի սկսվեր: Որևէ փուլում, այդ թվում` թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին` «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»։

Քաղաքագետ Արման Գրիգորյանը, «Ազատության» հետ զրույցում չվիճարկելով Փաշինյանի դիտարկումների ճմարտացիությունը, այդուհանդերձ, պնդում է՝ վարչապետը պետք է բանակցեր և երկիրը զերծ պահեր պատերազմական իրավիճակից. «Նախ ինչ-որ բան էին առաջարկում, որը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անընդունելի էր, ինչի՞ համեմատ էր անընդունելի, այն, ինչ որ պատերազմից հետո ունենք, դրա համեմատ անընդունելի՞ էր այդ առաջարկությունը, որովհետև միակ բանը, որի հետ կարելի է համեմատել այդ առաջարկության աընդունելիությունը, պատերազմի արդյունքն էր: Որևէ վերացական անընդունելի բան միջազգային քաղաքականության մեջ գոյություն չունի, անընդունելին միայն այն է, ինչը կարող ես դու զենքի ուժով պաշտպանել և եթե չես կարող պաշտպանել, ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում ասել, որ այդ պայմանները կամ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար անընդունելի էր»:

Գրիգորյանը նաև հիշեցնում է օրերս Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի խոսքերը, թե 2016-ի քառօրյա պատերազմից հետո ինչպես են Ղարաբաղում մերժել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 7 շրջանները հանձնելու առաջարկը։ Մինչդեռ այս պատերազմում ոչ միան 7 շրջանները, այլ նաև բուն Ղարաբաղի մաս կազմող Շուշին ու Հադրութը կորցրեցինք, հիշեցնում է քաղաքագետը. «Եթե մենք նաև շատ հստակորեն ազդանշան ունեինք մեր հիմնական դաշնակցից, որ ստատուս քվոյի վրա պնդելու մեր քաղաքականության պարագայում մենք չունենք նաև մեր դաշնակցի աջակցությունը, ես ուղղակի չեմ հասկանում` ինչի մասին է խոսքը»:

Քաղաքագետը նաև հիշեցնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն այն մասին, որ դեռ հունիսին է վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացրել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և զգուշացրել, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

«Օնիկ Գասպարյանը սրա մասին է ասել, ոչ ոք սա չի հերքել, ոչ ոք, և ես ենթադրում եմ, որ Օնիկ Գասպարյանը չի ստում», - ասում է Արման Գրիգորյանը:

Անդրադառնալով քննադատությանը, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել, Փաշինյանը հարց է հնչեցնում. «Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին»։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հայկական կողմին պատերազմին պատրաստվելուց բացի, այլ բան չէր մնում։

«Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի: Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու»,- պարզաբանում է Փաշինյանն ու ապագային ուղղված իր տեսլականը ներկայացնում, ըստ էության, կրկին անուղղակիորեն հասկացնելով, որ հրաժարական չի ներկայացնելու, փոխարենը զբաղվելու է իրավիճակի կայունացմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG