Մատչելիության հղումներ

Պապիկյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի, Բրուտյանը՝ Չեխիայի ՊՆ արդյունաբերական համագործակցության գործակալության ղեկավարներին


Երևանում Եվրախորհրդի գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր են քննարկվել գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակության հետ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Ծրագիրը նպաստում է Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կրթական կարողությունների զարգացմանը և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կին զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, զինծառայողների վարքագծի կանոնների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը, ասված է Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:

Ռազմական գերատեսչության այսօրվա մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 22-ին ՊՆ է այցելել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

XS
SM
MD
LG