Մատչելիության հղումներ

Երևանը կողմ է Աստանայում Միրզոյան-Բայրամով հանդիպմանը. օրը դեռ չի հրապարակվում


Միրզոյան-Բայրամով հանդիպում Վրաստանում, 16-ը հուլիսի, 2022թ․
Միրզոյան-Բայրամով հանդիպում Վրաստանում, 16-ը հուլիսի, 2022թ․

Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Իսկ մինչ այդ Երևանը հայտարարում է, որ «դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»:

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Բաքուն իր համաձայնությունն արդեն տվել է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG