Մատչելիության հղումներ

Մեկնաբանություն. Անահիտ Բախշյան. «Հայաստանի 100 կորսված օրերը»


Հայաստանի տասնյակ քաղաքացիներ բանտարկված են երկրով մեկ: Նրանց թվում են պատգամավորներ, մտավորականներ, հասարակական գործիչներ եւ խաղաղ ակտիվիստներ, որոնց հանդեպ պաշտոնական ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: Նոր նախագահի պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում նրանց հանդեպ մեղադրանք կարող էր առաջադրվել կամ էլ նրանց կարող էին ազատ արձակել, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը տեղի չունեցավ:

Համակարգային խախտումներով, համատարած կաշառակերությամբ եւ վախի մթնոլորտով եւ կեղծիքներով գործադիր իշխանությունների զեղծած նախագահական ընտրությունների հանդեպ անկախ դատական իշխանության կողմից կարող էր գնահատական տրվել, սակայն դա էլ տեղի չունեցավ:

Մարտիմեկյան ողբերգության հանդեպ (երբ կառավարական ուժերը իրենց քաղաքացիների վրա հարձակվեցին, հազարավորներին Ազատության հրապարակից ցրեցին եւ հետո էլ 10 մարդկանց մահվան պատճառ հանդիսացան) ճշմարտությունը բացահայտելուն նվիրված հանձնաժողովի կողմից կարող էր գնահատական տրվել: Կառավարությունը` բացահայտման գործընթացին հավասար մասնակցություն ունենալու համար ընդդիմադիր կուսակցություններին կարող էր հրավիրել` սակայն դա էլ չարեց:

Իրականում ոչ միայն ընդդիմադիր խմբերը, այլեւ քաղաքացիական հասարակությունն էր, որ խաղաղ ցույցեր կազմակերպեց Ազատության հրապարակում, Մատենադարանի մոտ եւ Երեւանի այլ վայրերում: Կառավարությունը այս ցույցերին կարող էր պաշտոնական թույլտվություն տալ, բայց չարեց:

Ժողովրդավարական ներքին բացթողումների պատճառով Հայաստանը իր միջազգային վարկի գերակշիռ մասը կորցրեց: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան եւ ԵԽԽՎ-ն ընդունեցին միակողմանի, հակապատմական, անօրինական եւ քաղաքականապես ոչ անաչառ բանաձեւեր եւ այսպիսով վերոնշյալ կազմակերպությունները մեղսակից դարձան Ադրբեջանի ագրեսիվ քարոզարշավին, որի նպատակը ներկայիս խաղաղ բանակցությունները անհաջողության մատնելն է եւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղը իրեն բռնակցելը, որը հանդիսանում է գորբաչովյան «գլաստնոստյան» ժամանակի ազատության առաջին հողակտորը, որը որոշել էր հետ շրջել ստալինյան «բաժանիր, որ տիրես» քաղաքականության ժառանգությունը եւ, միջազգային իրավունքի եւ այդ ժամանակվա գործող խորհրդային օրենսդրության համաձայն, ապագաղութացման ուղին որոնել: Եթե հայաստանյան կառավարությունը կոմպետենտ եւ ժողովրդավար լիներ, ապա այն կարող էր հաղթել այդ հատվածական, պոլեմիկ եւ անազնիվ բանաձեւերը, ըստ որոնց Արցախը «օկուպացված» տարածք է, սակայն կառավարությունը դա չարեց:

Ներկայիս իշխանությունները եւ նրանց գործընկերները, որոնք կազմում են Ազգային ժողովի ավելի քան 95 տոկոսը, պարտականություն ունեն ընդդիմության հետ խոսելու` ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ խորհրդարանից դուրս: Նրանք դա չեն արել:

Հայաստանյան կառավարությունում արագ «փոփոխություն» ոչ ոք չի կարող պահանջել, կամ էլ ակնկալել (չնայած որ նախագահ Սարգսյանը պնդում է, որ նա այն իրականացրել է), սակայն Հայաստանի քաղաքացիներս հրատապ գործողություններ ենք պահանջել մի քանի հարցերի շուրջ, որոնք կարող էին եւ պետք է որ պատասխանը ստանային անմիջապես եւ, իհարկե, վերջին 100 օրվա ընթացքում: Սակայն պատասխանը միշտ եղել է «ՈՉ»:

Քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել, մարտիմեկյան իրադարձությունները անաչառ չեն հետաքննվել եւ ոչ մի ժողովրդավարական հանրահավաք չի անցել առանց խնդիրների:

Այս մերժումները վնաս են հասցրել Հայաստանի եւ Ղարաբաղի միջազգային իղձերին եւ, որն ավելի վտանգավոր է, պարալիզացրել են մեր ազգի հավատը այնպիսի իշխանությունների հանդեպ, որոնք ընտրվել են անօրինականություններով, հաստատվել են արյունով, թագաժառանգվել են արտակարգ դրությամբ եւ ինաուգուրացվել են մարդաշատ բանտերով: 100 օրվա իրական հարցն այն է, թե արդյոք սրանք անցյալում մնացած ժամանակաշրջանի վերջին ցնցումնե՞րն են, թե՞ նաեւ նոր ժամանակաշրջանի ծնունդ:

Հայաստանի քաղաքացիներս կոշտ դիրք ենք ընդունել կոռուպցիայի դեմ: Միայն մենք ենք ընդունելու համակարգային փոփոխություն հայաստանյան կառավարման համակարգում այն պահին, երբ ժողովրդավարությունը կվերադառնա այն երկիր, ուր այն ժամանակին ծաղկում էր:


Անահիտ Բախշյանը խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահն է: Այս մեկնաբանությունում արտահայտված տեսակետները հեղինակինն են եւ պարտադիր չէ, որ համընկնեն «Ազատություն» ռադիոկայանի տեսակետներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG