Մատչելիության հղումներ

Հայկական կողմը վստահ է՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հակառակորդը միտումնավոր է հարվածներ հասցրել


Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հրթիռակոծություններից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հրթիռակոծություններից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ.

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն օդային հարվածներն ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր են արվել, հինգշաբթի երեկոյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Երեկ հայկական կողմը հաղորդեց, որ Ադրբեջանը հրթիռակոծել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։

«Երկու անգամ, ինչը միանշանակ ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Ղազանչեցոց վանքին», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի կողմից հասցված երկրորդ հարվածի հետևանքով վիրավորվել են Ռուսաստանի Դաշնության երկու լրագրողներ՝ Յուրի Կոտյոնոկը և Լևոն Արզանովը, ինչպես նաև նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: Նրանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր։ Լրագրողները Շուշիում լուսաբանում էին եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետևանքները:

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Իրենց հերթին, հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները։ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը երեկոյան այցելել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող լրագրող Յուրի Կոտյոնոկը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, դատապարտելով Ադրբեջանին, լրագրողներին և եկեղեցուն թիրախավորելը որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ: Բեգլարյանի տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ այսօր կդիմի միջազգայինն կառույցներին, դեսպանություններին։ Ըստ Արման Թաթոյանի, Շուշիի Մայր տաճարին ուղղված հրթիռային հարվածն արվել է տաճարին վնաս հասցնելու և նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու մտադրությամբ:

Պաշտամունքի վայրերի թիրախավորումը պատերազմի հանցագործություն է, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ադրբեջանը, մինչդեռ, հայտարարում է, թե Շուշիի եկեղեցին վնասելու մասին տեղեկությունները որևէ ընդհանուր կապ չունեն ադրբեջանական բանակի ռազմական գործողությունների հետ։ «Ադրբեջանական բանակը չի թիրախավորում պատմական, մշակութային, հատկապես կրոնական կառույցներն ու հուշարձանները», - պնդել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող, վիրավորների հստակ թիվը չի հաղորդվում։

Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ վիրավորված զինվորների 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում վերադառնում է շարք. - «24 ժամվա ընթացքում, ըստ էության, ստանալով համապատասխան բուժօգնություն՝ վերադառնում են շարք: Դա բավականին լավ ցուցանիշ է կոնֆլիկտների ժամանակ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ կողմերը հրետանային միջոցներ կիրառում են շատ խիտ, շատ-շատ խիտ՝ օրական տասնյակ հազարավոր արկեր՝ հրանոթային կամ փոքր կամ միջին և մեծ տրամաչափի»:

Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանի ներկայացմամբ, սեպտեմբերի 27-ից ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 20 խաղաղ բնակիչ։

«Կա 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր: Կա 20 զոհված՝ չհաշված Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ զոհը: Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4 հազար 600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական օբյեկտներ», - հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Ադրբեջանը չի հրապարակում իր ռազմական կորուստները, հայտնում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին:

XS
SM
MD
LG